Իմ կարծիքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի կողմից կազմակերպված առցանց քննության մասին

Ես ուզում եմ կիսվել «Հայոց պատմություն» առարկայի ավարտական բանավոր քննության և, առհասարակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից իրականացվող  հեռավար ուսուցման մասին իմ  տպավորություններով: 

Անկեղծ ասած, մինչ քննությունը բավականին մտահոգված և հուզված էի: Սակայն պետք է նշեմ, որ քննությունը հրաշալի մթնոլորտում  անցավ, քանի որ դպրոցը ամեն ինչ շատ լավ էր կազմակերպել: Թե՛ դպրոցի անձնակազմը, և թե՛ քննող ուսուցիչը այնպիսի դրական մթնոլորտ էին ստեղծել, որտեղ նույնիսկ հաճելի էր խոսելը, հարցերին պատասխանելը: Ես ինձ բոլորովին  կաշկանդված չէի զգում:

Մի փոքր իմ հեռավար կրթության մասին․․․
Պետք է նշեմ, որ արդեն 3 տարի է, ինչ ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ հեռավար ուսուցմամբ: Այն իսկապես լայն հնարավորություն է տալիս Հայաստանի՝ արտերկրում գտնվող  քաղաքացիներին ստանալու բավականին որակյալ կրթություն: Կարծում եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ ուսուցման ձևը տարբերվում է բոլոր հանրակրթական դպրոցների ուսուցումից: Այստեղ դու միշտ քայլում ես ժամանակին համահունչ և ստանում ժամանակակից՝ 21-րդ դարին համապատասխան կրթություն: Աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փորձում ենք միշտ պարապմունքների միջոցով վերլուծել, որն ինձ անչափ դուր է գալիս: Ինձ շատ է դուր գալիս այն փաստը, որ այստեղ հարկադրված չես սովորւմ և ունես ընտրության հնարավորություն: Ուսուցիչները ընտրում են այնպիսի հարցեր, թեմաներ, որոնց պատասխանները  շատ հետաքրքիր է իմանալը, և բացի այդ, հետագայում դրանք կհեշտացնեն մեր կյանքը:  Կրթահամալիրը տարբերվում է իր ստանդարտներով և նորմաներով և երբեք չի սահմանափակում սովորողի կարծիքն ու առաջարկները: Աստեղ սովորողը գնահատված է, բոլոր ուսուցիչները հաշվի են առնում սովորողի խոսքը, կարծիքն ու վերաբերմունքը: Դրա միջոցով դպրոցը ձևավորում է ազատ խոսքի տեր անհատներ: Ինքս դպրոցի շնորհիվ սովորել եմ ճիշտ օգտվել համացանից և ուսումնական բլոգից, փնտրել ինֆորմացիա, ձեռք եմ բերել վերլուծելու և տրամաբանելու հմտություններ: Դա այն է, որ ես հիմա  կարողանում եմ իրավիճակը վերլուծել, իմ կարծիքը հայտնել, ազատ խոսել, չկաշկանդվել, հարցերը կապել այս կամ այն թեմաների հետ և այլն:  Նաև նշեմ որ ինձ շատ դուր է գալիս դպրոցի կազմակերպած օնլայն և օֆլայն հանդիպումները /ես մասնակցել եմ օնլայն հանդիպումներին/տարբեր մասնագետների հետ, մասնավորապես իմ մեջ շատ է տպավորվել քաղաքական գործիչ Ժիրայր Լիպարիտյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք պատմությանը առընչվող մի շարք հարցեր:  
Չեմ կարող նաև չառանձնացնել կրթահամալիրի ուսուցիչներին, նրանք շատ պատրաստակամ են և մշտապես փորձել են բոլոր ինձ հուզող հարցերին մանրակրկիտ պատասխանել:

Ինչպես վերը նշեցի, «Հայոց պատմություն» առարկայի առցանց /Teams հարթակում/ բանավոր քննությունն անցավ կազմակերպված, հանգիստ, խաղաղ միջավայրում, ես խոսեցի անկաշկանդ, առանց լարվելու, կարելի է ասել՝ ես և իմ ուսուցիչ ընկեր Վարդանը երկխոսեցինք, զրուցեցինք։ Ես ընտրել էի քննական թերթիկներից նոր տարբերակը, որն ինձ հնարավորություն տվեց ավելի շատ ներկայացնելու իմ սեփական խոսքը, կարծիքն ու տեսակետը այս կամ այն հարցի, պատմական իրողության շուրջ․․․շնորհակալ եմ ամեն ինչ լավ կազմակերպելու և իրականացնելու համար։

Սա իմ վերջին  ուստարին էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ես շատ բան սովորեցի այս տարիների ընթացքում: Ես վստահ եմ, որ կրթահամալիրից ստացած փորձը նաև կկիրառեմ իմ հետագա կյանքում: ԵՎ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար: Շնորհակալ եմ….

Ստորև՝ «Հայոց պատմություն» առարկայի առցանց բանավոր քննության տեսաձայնագրությունը
Տեսաձայնագրությունը՝ Լիլիթ Յախինյանի

Հայոց Մեծ եղեռնը

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

XX դարի սկզբներին միջազգային իրավունքի մեջ դե չկար «ցեղասպանություն» հասկացությունը: Կիրառվում էին «կոտորած», «ջարդ», «եղեռն» և այլ բառեր: Միայն 1948 թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպաըակով: Այդ գործողություններից են՝ ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը, բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր պանգարում հասցնելը, գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն:


2․Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Հոլոքոստը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանություն է, որի շրջանակներում Նացիստական Գերմանիայի և իր դաշնակիցների կողմից համակարգված կերպով ոչնչացվել են շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեաներ՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը 1941 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում։ Հրեաներից բացի նացիստների կատարած ցեղասպանության զոհ են դարձել նաև ազգային ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչներ, ներառյալ գնչուներ, անբուժելի հիվանդներ, ինչպես նաև լեհեր ու այլ սլավոններ, ԽՍՀՄ քաղաքացիներ, խորհրդային ռազմագերիներ, քաղաքական հակառակորդներ, միասեռականներ, Եհովայի վկաներ, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է մինչև 17 միլիոն մարդ։

Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ Հոլոքոստը համարվում է 20-րդ դարում իրականացված ամենահայտնի ցեղասպանություններից մեկը։

Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին…» արտահայտությամբ։


3․Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

Չխենկելու կառավարությունը հայերի հաշվին արվող զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ: Արդյունքում՝ 1918 թվականի ապրիլի 25-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին:

Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին՝ թշնամին մայիսի 15-ին գրավեց քաղաքը:

Այսպես՝ թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք-հայկական պատերազմի: Ճակատային գիծը ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա:

Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500-ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր:

Մայիսի 21-ին ՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերընահանջեցին՝ հանձնելով Սարդարապատ կայարաննն ու գյուղը: Գեներալ Նազարբեկյանը Ղարաքիլիսայից Մ. Սիլիկյանին հրամայեց հակահարձակման միջոցով կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան:

Այս օրհասական պահին հայ ժողովուրդը, նրա ռազմական և քաղաքական ուժերը միաբանության հիանալի վարքագիծ դրսևորեցին: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, կանայք ու պատանիները, հոգևորականները:

Գնդապետ ԴանիեԼ Բեկ-Փիրումյանն իր զորամասերին նախապատրաստեց հակահարձակման: Մարտից առաջ կրակոտ ճառ ասաց Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը:

Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր:

Մայիսի 29-ին գեներալ Սիլյանը հանդես եկավ Ալեքսանդրապոլը գրավելու կոչով, սակայն Նազարբեկյանից հրաման եկավ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները:

Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:

Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918 թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության:

Մեր պատմության ռազմական տարեգրությունը հարստացավ նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր:

Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր:

Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործնթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետաֆայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:


4․Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը

Նշանավոր գիտնական Անդրեաս Արծրունին ժամանակակից երկրաքիմիա գիտական բնագավառի հիմնադիրն է: Նա հայտնի հրապարակախոս Գ. Արծրունու եղբայրն էր, «Մշակ» թերթում տպագրում էր հոդվածներ, երազում էր աշխատել հայերնիքում:

Քիմիկոս Ջակոմո (Հակոբ) Չամչյանն իր գիտամանկավարժական գործունեությունն սկսել է Հռոմի համալսարանում: Նա համարվում է ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնախնդիրը:

Ֆիզիկայի ասպարեզում XX դ. կարևոր հայտնագործություններից մեկը՝ տարածության մեջ պատկերներ հաղորդելու համակարգը, մշակել է Հովհաննես Ադամյանը (1879-1932): Նա աշխատել է Բեռլինում, Պետերբուգում, խորհրդային իշխանության տարիներին՝ նաև Երևանում: Նա դրել է գունավոր հեռուստատեսության հիմքը:

Աստղագիտության բնագավառում հռչակվել է վենետիկցի հետազոտող Խորեն Սինանյանը: Ս. Ղազար կղզու հայկական աստղադիտարանում նա է առաջինը հայտնաբերել Յուպիտերի վեցերորդ արբանյակը:

Հայ բժիշկների փայլուն համաստեղության մեջ իր ուրոյն տեղն ունի Մարգար Առուստամովը: Ցարական կառավարությունը նրան աքսորել էր Աստրախան: 1892 թ. այստեղ բռնկված խոլերիայի համաճարակի ժամանակ անգնահատելի օգնություն է ցուցաբերել հիվանդներին և պայքարել համաճարակի տարածման դեմ:

Ֆիզոլոգիայի բնագավառում մեծ գործ է կատարել ռուս մեծ գիտնական Ի. Պավլովի սան Լևոն Օրբելին: Զարգացնելով Պավլովի ուսմունքը՝ նա դարձել է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրը:

Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության  և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը:

Բեռլինյան վեհաժողով

1․ Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը։ Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։

Սան Ստեֆանոյի պայմանիգրն ամրապնդումն էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան դիրքերն Արևմտյան Հայաստանում  և Բալկաններում: Դա հարուցեց առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգրիայի դժգոհությունը: Մեծ տերությունները Ռուսաստանին սպառնացին պատերազմով և պահանջեցին 1878թ. հունիսին Բեռլինում գումարել վեհաժողով ՝ ռուս-թուրքական հաշտության պայմաները քննարկելու նպատակով:

Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմվեց: Հայ պատվիրակները մինչև վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեացան եվրոպական մի շարք երկրների զեկավարների հետ, ստացան օգնության խոստումներ: Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, եվրոպացի պետական գործիչները բնավ ցանկություն չունեին օգնելու հայերին: Նրանք Հայկական հարցն օգտագործում էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Այսպես՝ վեհաժողովի նախօրյակին Անգլիան Թուրքիայի հետ կնքած գաղտնի պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին և պարտավորվեց ամեն կերպ վեհաժողովում պաշտպանեկ իր շահերը: Պատահական չէ, որ հայ պատվիրակներին թույլ չտրվեց նույնիսկ մտնել վեհաժողովի շենքը: 16-րդ հոդվածի փոխարեն Բեռլինի պայմանագրում մտցվեց նոր հոդվածը ՝ 61-րդը: Հայկական հարցը վճռվեց առանց հայերի մասնակցության:

61-րդ հոդվածը նույնպես թուրքական կառավությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել, ապահովել հայերի անվնտանգությունը: Բայց բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա: Մեծտերությունների ղեկավարները համոզված էին, որ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու: Դա վերջիններիս  հնարովություն կտար միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և նրանից նոր զիջումներ կորզելու:

Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում գրաված տարածքներից: Դրանով ոչ մի երաշխիք չէր մնում 61-րդ հոդվածի կենսագործման համար: «Հայաստան» հասկացության փոխարեն պայմանագրում հայտնվել էր «հայաբնակ մարզեր» բառակապակցությունը:


2․ Նկարագրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները

Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիզամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից միչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորակաների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000-ը:

Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս:

Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները:

Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբերին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից;

Կովկասյան ճակատում թվական շոշաթելի առավելություն ապահովելով՝ ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

Լևոն Առաջին

  • Նկարագրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։ 

    Թորոս I-ին (1100-1129թթ.)  հաջորդեց նրա եղբայրը Լևոն  I-ը (1129-1137թթ.): Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկիային: Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով:  

    Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի կորստի հետ: 1137 թ. գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Ի վերջո Վահկան ևս հանձնվեց: Լևոնը կնոջ և երկու որդիների՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կ. Պոլիս: 

    Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյություն ունենակուց: 

    Գերված Լևոնը մահացավ բանտում, իսկ Ռուբենին կայսեր հրամանով մահապատժի ենթարկեցին: Թորոսը փախուստի դիմեց, վերադարձավ Կիլիկիա և գլխավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարը: Նրան միացան նաև երկու եղբայրները՝ Մլեհը և Ստեփանեն, ովքեր կարողացել էին խուսափել գերությունից: 

     
  • Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները 

     X-XIV դդ. նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար: 

    Դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին: Կային ծխական, վանական և տաճարային դպրոցներ: Արդեն IX դ. վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ: 

    Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները: Իրենց գիտամանկավարժական գործունեությունն այստեղ են ացկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Դավիթ Ալակաորդին, Վարդան Արևելցին և ուրիշները: 

    Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթությունը է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին: 

    Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց նաև Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանը: Այն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք: 

     Հայ կրթամշակութային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը: 1280-ական թթ. Հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու րաբունապետության տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով: 

    Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը: XIVդ. Երկրոդ կեսից մինչև XV դ. սկիզբը համալսարանի բեղմնավոր գործունեության շրջանն էր: Նրա ուսումնագիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականները Հավհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: 

    Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը: Հայտնի էր Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում: 

Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք

Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը 18-րդ դարասկզբին պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Իսկ այսօ՞ր։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իր հույսը կապեր Եվրոպայի հետ, քանի որ Եվրոպան թուրքերին համարում էր թշնամի, Թուրքիայից վտանգ էր սպասում, այդ պատճառով Հայաստանին որոշ չափով համարում էր դաշնակից: Ցիտում եմ գրքից մի հատված.

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների` հույների, ասորիների, վրացիների, անգամ քրդերի, եզիդների համատեղ պայքարի պատրաստակամությունը:

Հիմա ավելի խորը հիմնավորեմ իմ կարծիքը՝

1.Այն ժամանակ, ինչպես և այսօր, հայ ժողովրդի մի ստվար մասը իր «փրկությունը» կապում էր Ռուսաստանի հետ: Բայց ես կարծում եմ, որ դա կլինի դարեր շարունակ մեր թույլ տված սխալների շարունակությունը, որը կտանի Հայաստանի վերջնական կործանմանը: XIX դ. սկզբին հայ ժողովուրդը, օտար տիրապետությունից իր ազատագրման հույսը կապելով Ռուսաստանի հետ, ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներում բազմակողմանի օգնություն է ցույց տվել ռուսական զորքերին: Սակայն Արևեյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացնելուց հետո Հայաստանի ազատագրության ծրագրերին ռուսական արքունիքն ընթացք չտվեց:
Մի կողմից Ռուսաստանը հաերին համարում էր իր «բարեկամ» ժողովուրդ, իսկ մյուս կողմից հարվածում նրանց՝ աճուրդի հանելով հայկական տարածքները հենց հայերի թշնամիների հետ: Հայտնի է, որ 1921 թվականի մարտի 16-ին քեմալական թուրքերի և բոլշևկիյան ռուսների միջև Մոսկվայում կնքվեց «Կարսի պայմանագիրը», ըստ որի Թուրքիային են անցել Կարսի մարզը՝ գրեթե ամբողջությամբ, և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն  իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում: Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը…
Կարծում եմ՝ դա դավադրություն էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ, առանց Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության և իմացության ստորագրել այդ խայտառակ պայմանագիրը:
Նույն թվականի հուլիսին Ռուսաստանի մասնակցությամբ Արցախը բռնակցվեց Խորհրդային Արդբեջանին, որը հետագայում դարձավ մի շարք պատերազմների առիթ: Մեր օրերում հայտնի են Արցախյան ազատամարտը, Քառօրյա պատերազմը և 44-օրյա պատերազմը…

2.Ինչպես այսօր Հայաստանում իշխանությունները բաժանվում են երկու մասի՝ ռուսամետ և արևմտամետ, այնպես էլ այն ժամանակ հայ իշխանությունների մի մասը ռուսամետ էր, մյուսը՝ պարսկամետ:
3.1992թ. Հայաստանը միացավ ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) տարածաշրջանային միջազգային կազմակերպությանը, որի գործունեության նպատակներն են հանդիսանում «խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հավաքական պաշտպանության վրա հիմնված անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովումը»:Սակայն, ցավով պետք է նշեմ, որ և՛ Քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմներում ՀԱՊԿ-ը այդպես էլ չմիջամտեց և չկատարեց իր պարտականությունները…

4. 44 օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով կնքվեց եռակողմ պայմանագիր Ռուսաստանի միջամտությամբ և կրկին անգամ ոչ ի օգուտ մեզ: Ադրբեջանին անցան մի շարք տարածքներ, այդ թվում նաև Արցախի մեծ մասը: Ըստ պայմանգրի՝ Արցախի մնացյալ տարածքը պետք է անցներ ռուս խաղաղապահների հսկողության տակ: Բայց վերջին երկու տարվա ընթացքում շատ հաճախ ադրբեջանցիները խախտել են և շարունակում են խախտել պայմանագիրը, ներխուժել ՀՀ տարածք, և կրկին անգամ ռուս խաղաղապահները չեն միջամտում:

5. Այսօր, ցավոք, Հայաստանում մեծ մասը կարծում են, որ մեր միակ «փրկությունը» Ռուսաստանի կազմի մեջ մտնելն է: Այս հարցում ես նաև խիստ դատապարտում եմ արցախցիների դիրքորոշումը, ովքեր կարծում են, որ, մտնելով Ռուսասատնի կազմի մեջ, կարող են փրկել Արցախը: Սակայն պետք չէ կրկնել նույն սխալները: Արցախը մենք միայն կարող ենք փրկել զարգանալով, կրթվելով, հզորանալով և հույսներս միայն մեր վրա դնելով: Պատահական չէ, որ ռուսներին անվանում են «սպիտակ թուրք»: Դարեր շարունակ մենք միայն տուժել ենք իրենց «բարեկամը» լինելով: Ժամանակն է, որպեսզի մենք սկսենք վարել խելացի դիվանագիտություն և զարգացնել Հայաստանը: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները խորացնելը ավելի շահեկան կլինի այս փուլում: Նաև չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանը փոքր է, աղքատ, շրջապատված թշնամիներով և չի կարող ոչինչ անել իրենից մի քանի անգամ բնակչության թվով մեծ և հզոր թշնամու դեմ: Այստեղ ես կարող եմ Իսրայելի օրինակը բերել, թե ինչպես այդ նորաստեղծ, փոքր պետությունը կարող է աշխարհին թելադրել իր օրենքները և հաշվի նստել հզոր երկրների հետ․․․մինչդեռ մեզնից պակաս թշնամիներ չունի: Իսկ պատճառն ակնհայտ է՝ քանի որ նրանք վարում են ճիշտ քաղաքականություն, զարգանում են, կրթվում և հույսները դնում միմիայն իրենց վրա: 

Երբեք ուշ չէ…

Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները

  1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։

VIII դարի ընթացքում և IX դարի առաջին կեսին արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի  մղած ազատագրական պայքարը տվեց ցանկալի արդյունք:

862թ. Աշոտ Բագրատունին ճանաչվեց  Հայոց իշխանաց իշխան: Նրան տրվեց հարկեր հավաքելու իրավունքը: Խիստ կրճատվեցին խալիֆաությանը վճարվող հարկերը: Հայրենիք վերադարձան Բուղայի կողմից գերեվարված հայ իշխանները:

Շուտով Աշոտ Բագրատունին կարողացավ իր ազդեցությունը տարածել ոչ միայն Արծրունյաց, Սյունյաց, Արցախի և այլ նախարարների, այլև վրաց ու աղվանից իշխանների վրա: Ահա թե ինչու նա համարվում էր Վրաց և Աղվանից իշխանաց իշխան:

Աշոտը վերակազմեց բանակը, նրա թիվը հասցրեց 40 հազարի, իր եղբորը՝ Աբասին, նշանակից սպարապետ:

IX դ. երկորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ: Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը: Անկախությունը վերականգնելու հարցում միակամ էին հայ հասարակական բոլոր խավերը:

Այդ գործում մեծ հետաքրքություն հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին:

Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում: Հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի: Նա արաբ ամիրաների հետ որոշեց բարեկամություն հաստատելու պատրվակով հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել նրանց: Աշոտ Բագրատունին հանդես բերեց մեծ զգուշություն և հետևեց արաբների բոլոր գործողություններին: Նրա ուղարկած մարդիկ ձերբակալվեցին ոստիկանի սուրհանդակներին: Արաբների մոտ հայտնաբերվեց ոստիկանի նամակը՝ ուղղված Գանձակի ամիրային, որտեղ շարադրված էր Դվինում հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը: Աշոտի խորհրդով Դվին ներկայացան ոչ թե իշխանները, այլ հայոց զորքը: Սպարապետ Աբասը, մտնելով Գանձակի ամիրայի վրանը և ցույց տալով հայտնաբերված նամակը,  ձերբակալեց նրան: Ապա ստորացնելու նպատակով հայերը նրան ձիու փոխարեն ջորի են նստեցնում, հասցնում են Հայաստանի հարավային սահմանը և վտարում երկրից:

Արաբները ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: 885 թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր:

885 թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառում՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց թագավոր՝ Աշոտ I անունով /885-890 թթ./:

Աշոտ I-ը ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը՝ Կարս կենտրոնով, միացրեց իր պետությանը: Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը:

Երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան:


2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ:

Աշոտ I-ը մահացավ 890 թ. և իր հաջորդ Սմբատ I-ին /890-914/ թողեց ամուր և միավորված երկիր: Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին ու արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը՝ ճկուն դիվանագիտությամբ խուսանավելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆաության միջև: 892 թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջն հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս:

893 թ. Սմբատ I-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:

908 թ. Յուսուֆը  թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և նրան խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր:

Շուտով Յուսոֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ: Տեղի ունեցած ժակատամարտում Սմբատի բանակն անհաջոթյուն կրեց: Հայոց թագավորը ստիպված փակվեց Կապույտ բերդում: Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին: Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը: Հակաարաբական պայքարը շարունակեց Նախճավանի Երնջակ բերդի կայազորը: Յուսուֆը Հայոց թագավորին բերեց Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց հրամայել զենքը վայր դնել և հանձնվել: Բայց քաջարի արքան պաշտպաններին կոչ արեց շարունակելու դիմադրությունը: Գազազած Յուսոֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին:

Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում

  1. Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները:

Պարսկաստանի արքան Հազկերտ II-ի օրոք հայ ժողովրդի վիճակը վատթարացավ: Պարսից տերության սահմանները պաշտպանելու և միևնույն ժամանակ Հայաստանի  ռազմական հզորությունը թուլացնելու նպատակով Հազկերտը հայոց գնդերն ուղարկեց  Արևելք՝ քոչվոր հոների դեմ պատերզամելու: Հազկերտը ծրագրել էր նաև հայերի կրոնափոխությունը:

Շուտով Հազկերտը հատուկ հրովարտակով հայերից պահանջում է հրաժարվել քրիստոնեությունից:

Հայ ապստամբները դիմում են Բյուզանդիայի կայսրին, որը սակայն, ոչ միայն հրաժարվում է օգնել հայերին, այլև պարսիկների հետ դաշինք է կնքում: Հայերին մնում է ապավինել միայն սեփական ուժերին:

Ապստամբության ղեկավարները հայկական զորքը բաժանեցին երեք մասի: Առաջինի հրամանատար կարգեցին Ներշապուհ Արծրունի իշխանին և ուղարկեցին Հեր ու Զարևանդ գավառներ՝ Ատրպատականի կողմից պաշտպանելու երկրի սահմանները: Երկրորդ զորաբանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ օգնության շտապեց աղվաններին: Երրորդ զորաբանակը Վասակ Սյունու ղեկավարությամբ մնաց երկրում: Մարզպանի խնդիրն էր անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ մյուս զորաբանակներին և պահպանել կարգն ու կանոնը երկրում:

Վարդան Մամիկոնյանը զորքով թշնամուն հանդիպեց Խաղխաղ քաղաքի մոտ (ներկայիս Ղազախ քաղաքի մերձակայքում): Հայկական փոքրաթիվ զորաբանակը որոշեց ճակատամարտ տալ և կանխել պարսիկների հնարավոր հարձակումն Աղվանքից: Հակառակորդին ջախջախելուց և փախուստի մատնելուց հետո հայոց բանակն անցավ Կուրը և աղվանից զորքերի հետ Աղվանքը մաքրեց պարսկական զորամասերից: Վարդան Մամիկոնյանը շարունակեց առաջխաղացումը մինչև Ճորա (Հոնաց) պահակի ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ: Հոները պարտավորվեցին օգնել հայերին պարսիկների դեմ պայքարում:

Մինչ սպարապետն Աղվանքում էր, Հայաստանում վիճակը լարվեց: Վասակ Սյունին տեսնելով, որ օգնություն չկա ոչ Բյուզանդիայից, ոչ էլ հոներից, իր կողմը գրավեց մի խումբ հայ նախարարների և պարսկական ավերիչ արշավանքից երկիրը զերծ պահելու նպատակով որոշեց լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Նա ձգտում էր կանխել հայերի ռազմական բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ: Ստանալով պարսից արքունիքի համաձայնությունը՝ Վասակը հայտարարեց, որ Հազկերտը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից և պատրաստ է ներել ապստամբներին: Թերևս նրան այդ քայլին մղեց նաև իր որդիների` Տիզբոնում պատանդ լինելու հանգամանքը, քանի որ նրանք կարող էին մահապատժի ենթարկվել: Բացի այդ՝ նա սկսել էր երկյուղել, որ օգնության բացակայության դեպքում ապստամբությունը կպարտվի, և նա կկորցնի ոչ միայն մարզպանի պաշտոնը, այլև Սյունյաց նահապետի ժառանգական իրավունքը: Այս ամենի հետևանքով Վասակը, փաստորեն, դրժեց համատեղ պայքարելու իր երդումը և հեռացավ ապստամբությունից:

Ստանալով այս անհանգստացնող լուրերը՝ Վարդան Մամիկոնյանը հապճեպ վերադարձավ Հայաստան, իսկ Վասակ Սյունին ապստամբների ճնշման ներքո քաշվեց Սյունիք:


2. Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Աստվածաշունչն ընփերցվում էր ասորերեն ու հունարեն, և եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովուրդը գրեթե ոչինչ չէր հասկանում:

Բացի այդ Զրադաշտականություն դավանող Սասանյանների արքունիքը նպատակ ուներ հայերին դարձի բերել հեթանոսության, կտրել քրիստոնյա Բյուզանդիայից ու աստիճանաբար ձուլել պարսիկների հետ։

Մեծ Հայքի թագավորության պարսկահռոմեկան բաժանումը վտանգել էր հայ Արշակունիների թագավորության գոյությունը: Անհրաժեշտ էր պաշտպանել հայ ժողովրդի հոգևոր կյանքը: Հենց այդ տագնապալի ժամանակաշրջանում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի հովանավորությամբ:

Այսպիսով հայոց գրերը ստեղծվում են 405-406 թթ. ընկած ժամանակահատվածում: Այն բաղկած էր 36 տառից:


3. Համառոտ նկարագրե՛ք Մ. Խորենացու  «Հայոց պատմություն»-ը

Հայ դասական պատմագրության հիմնահույսը Մովսես Խորենացու«Հայեց պատմությունն» է: Այն ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440 թ.:

Խորենացում երկը բաղկացած է երեք գրքից: Առաջին գրքում շարադրված է հայոց  նախնի Հայ Նահապետից մինչև Ք. ա. VI դ. հայոց մեծերի հերոսությունների պատմությունը:  Որկրորդ գրքում մեր նախնիների միջին պատմության շարադրանքն ամփոփված է Ք. ա. VI դ. վերջին քառորդից մինչև IV դ. առաջին քառորդն ընդգրկող պատմությունը: Երրորդ գիրքը կոչվում է «Մեր հայրենի պատմության ավարտը»:

Պապ թագավոր

ա) Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները

354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը: Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոնների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից՝ ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին:


բ) Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները

Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374 թթ.):

371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը: Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետ միավորված, բանակ էին դրել Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց ավելի քան 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշեղ սպարապետն էր:

Պատերազմն ավարտվում հայ ազգի աղթանակով: Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորությա հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևորականների հարազատներին պարտադրվում էր պետական և զինվորական ծառայություն կատարել: Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է:

Ավատատիրական աստիճանակարգությունը

  1. Ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Մեծ Հայքում մինչև 428թ. պետական՝ թագավորական, ծառայողական, մասնատիրական՝ ժառանգական և համանքային հողատիրության գերագույն տերը թագավորն էր: Թագավորից հետո խոշոր հաղատերեր էին նախարարները՝ իշխանությունների տերերը՝ բդեշխները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները: Հորից որդունանցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական:

Հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկեղեցուն: Միջնադարում առաջացավ հողատիրության նոր՝ վանքապատական ձևը:

Խոշոր ու միջին հողատեր ազնվականություն՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էին բարձր՝ ազատների դասին: Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ: Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը:

Ստորին՝ անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները /ազատ և կախյալ գյուղացիները/, ինչպես նաև քաղաքային ռամիկները, որոնցից կազմվում էր հետևակը:


2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները

Հայ Արշակունիների թագավորության շրջանում՝ 65-428թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին:Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր  նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գործակալությունները:

Հազարապետը ղեկավարում էր տնտեսական հարկային գործը:

Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր:

Ռազմական արվեստի հազարամյակների փորձ ունեցող Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100-120 հազար էր: Այն բաղկացած էր հեծելազորից և հետևակից : Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին:

Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը:

Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետը, իսկ միջնադարում՝ հայոց կաթողիկոսը:

Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էր: Այս պաշտոնը թագավորը հանձնում էր ավագանում նախարարներից ներկայացուցիչներից մեկին:

Պետական գրասենյակը և արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի անձնական քարտուղարն էր:

Քրստոնեության ընդունումը

1.  Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը:

296 թ. պարսից Ներսեհը, Հյուսիսային Մեջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժեց Հայաստան: 297 թ. պարսից բանակը հասավ Բասեն գավառը: Հայ-հռոմեական ուժերը Ոսխա գյուղի մոտ ջախջախում են պարսից զորքերին: Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում: Պարսից արքան Հյուսիսային Միջագետքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին:

298 թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագաիրը:


2. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:

III  դ. կեսերին Սասանյան արքա Շապուհ I-ը հարձակվեց Մեծ Հայքի թագավորության վրա: Տրդատ II-ը ստիպված էր հեռանալ Հռոմեական կայսրություն: Հայոց գահին շուտով նստեց Խոսրով II-ը: Պարսից արքան, պարտություններ կրելով Հայոց Խոսրով թագավորից, Հայաստան ուղարկեց Անակ Պարթևին՝ Խոսրովին սպանելու հանձնարարությամբ: Իբրև թե պարսից հետապնդումներից խուսափելով՝ Անակը ներկայացել էր հայոց արքա Խոսրովին, որը նրան իր ընտանիքով բնակեցրել էր Արտազ գավառում: Հայաստան գալուց և որդու՝ Գրիգորի ծնվելուց երեք տարի անց Անակը դավադրաբար սպանում է Խոսրովին: Իսկ Անակին իր մերձավորների հետ սպանում են հայ զորականները Երասխ գետի Տափերական կամրջի մոտ: Անակի որդուն՝ Գրիգորին, դայակները փախցնում են Կապադովկիայի Մաժաք-Կեսարիա քաղաքը: Իսկ Խոսրովի որդուն՝ Տրդատին, դայակները փախցնելով պարսկական հետապնդումներից, տանում են հռոմեական կայսեր արքունիք:

Տրդատը վերադարձավ 287 թվականին և միառժամանակ թագավորեց Հայաստանի արևմտյան հատվածում: Երբ Տրդատը դեռևս Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության եկավ Գրիգոր Պարթևը: Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր՝ Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար:

Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ քրիստոնյա է: Տրդատ թագավորը դրանց մասին իմանում է ուրիշներից: Նա Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում, զոհեր մատուցելիս նկատել էր, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում: Իմանալով, որ նա քրիստոնյա է ու Անակի որդին, Արտաշատ վերադառնալուց հետո հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում՝ Խոր Վիրապում: Գրիգորը այդտեղ մնաց 13 տարի:

Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից փախչելով՝ Հռիփսիմյաց կույսերը հասան Հայաստան: Տրդատը, տեսնելով Հռիփսիմե կույսին, սիրահարվեց, սակայն մերժում ստացավ նրանից: Տրդատը դարձավ Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը: Այդ ամենը խորապես ցնցեց Տրդատին, և նա ծանր հիվանդացավ:

Արքայաքույր Խոսորվիդուխտին տեսիլք էր երևացել, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող է բուժել միայն Գրիգորը: Տրդատը հրամայեց նրան բանտից ազատ արձակել: Խոր Վիրապից դուրս գալով՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականներին, սկսում է քրիստոնեական քարոզչություն կատարել:

301 թ. Հայաստանում Քրիստոնեություն ընդունվեց որպես պետական կրոն: