Ռուս-պարսկական պատերազմ

1. Ռուս-պարսկական պատերազմը 1804-1813

Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին թոթափել պարսկա-թուրքական լուծը և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը։ Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները։

Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։ Դրանով Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։ Բագրատիոնիների արքայատոհմը, որը ղեկավարում էր Վրաստանը հազար տարուց ավելի, հեռացվեց իշխանությունից, և Թբիլիսիում ստեղծվեց գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։ Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ Պավել Ցիցիանովը։

Աստիճանաբար ամրապնդելով դիրքերը Վրաստանում 1804 թվականի հունվարի 3-ին ռուսները հարձակվեցին Գանձակի բերդի վրա։ Հրամանատար Ջավադ խանը զոհվեց։ Հունիսի 10-ին պարսից շահը դաշինք կնքեց Անգլիայի հետ, որի հրահրմամբ սկսվեց տասնամյա պատերազմ։ Ավելի ուշ եվրոպական գերտերությունները Ռուսաստանի դեմ հրահրեցին նաև Օսմանյան կայսրությանը, և տեղի ունեցավ զուգահեռ ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)։

Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները խախտեցին սահմանը և երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։

2. Ռուս-պարսկական պատերազմը 1826-1828

Այս, ինչպես և նախորդ (1804-1813) պատերազմների պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի Սև և Կասպից ծովեր։ Դրան զուգահեռ Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը, և սեփական ձեռքերում կենտրոնացնել արևելքի, մասնավորապես՝ Հնդկաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հետ կատարվող առևտուրը: Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության՝ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում Գյուլիստանի պայմանագրով կորցրած գավառները՝ ի դեմս արևելյան Վրաստանի, Կուր-Արաքսյան միջագետքի, Կասպից ծովի արևմտյան ափերի։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր: Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ: Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են: Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով: Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը: Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները:

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի: Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից:

3. Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը

Գյուլիստանի պայմանագիր, ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթի թագավորության) միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի: Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում(Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։