Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք

Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը 18-րդ դարասկզբին պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Իսկ այսօ՞ր։ Հիմնավորե՛ք պատասխանը։

Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իր հույսը կապեր Եվրոպայի հետ, քանի որ Եվրոպան թուրքերին համարում էր թշնամի, Թուրքիայից վտանգ էր սպասում, այդ պատճառով Հայաստանին որոշ չափով համարում էր դաշնակից: Ցիտում եմ գրքից մի հատված.

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների` հույների, ասորիների, վրացիների, անգամ քրդերի, եզիդների համատեղ պայքարի պատրաստակամությունը:

Հիմա ավելի խորը հիմնավորեմ իմ կարծիքը՝

1.Այն ժամանակ, ինչպես և այսօր, հայ ժողովրդի մի ստվար մասը իր «փրկությունը» կապում էր Ռուսաստանի հետ: Բայց ես կարծում եմ, որ դա կլինի դարեր շարունակ մեր թույլ տված սխալների շարունակությունը, որը կտանի Հայաստանի վերջնական կործանմանը: XIX դ. սկզբին հայ ժողովուրդը, օտար տիրապետությունից իր ազատագրման հույսը կապելով Ռուսաստանի հետ, ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներում բազմակողմանի օգնություն է ցույց տվել ռուսական զորքերին: Սակայն Արևեյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացնելուց հետո Հայաստանի ազատագրության ծրագրերին ռուսական արքունիքն ընթացք չտվեց:
Մի կողմից Ռուսաստանը հաերին համարում էր իր «բարեկամ» ժողովուրդ, իսկ մյուս կողմից հարվածում նրանց՝ աճուրդի հանելով հայկական տարածքները հենց հայերի թշնամիների հետ: Հայտնի է, որ 1921 թվականի մարտի 16-ին քեմալական թուրքերի և բոլշևկիյան ռուսների միջև Մոսկվայում կնքվեց «Կարսի պայմանագիրը», ըստ որի Թուրքիային են անցել Կարսի մարզը՝ գրեթե ամբողջությամբ, և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն  իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում: Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը…
Կարծում եմ՝ դա դավադրություն էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ, առանց Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության և իմացության ստորագրել այդ խայտառակ պայմանագիրը:
Նույն թվականի հուլիսին Ռուսաստանի մասնակցությամբ Արցախը բռնակցվեց Խորհրդային Արդբեջանին, որը հետագայում դարձավ մի շարք պատերազմների առիթ: Մեր օրերում հայտնի են Արցախյան ազատամարտը, Քառօրյա պատերազմը և 44-օրյա պատերազմը…

2.Ինչպես այսօր Հայաստանում իշխանությունները բաժանվում են երկու մասի՝ ռուսամետ և արևմտամետ, այնպես էլ այն ժամանակ հայ իշխանությունների մի մասը ռուսամետ էր, մյուսը՝ պարսկամետ:
3.1992թ. Հայաստանը միացավ ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) տարածաշրջանային միջազգային կազմակերպությանը, որի գործունեության նպատակներն են հանդիսանում «խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հավաքական պաշտպանության վրա հիմնված անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովումը»:Սակայն, ցավով պետք է նշեմ, որ և՛ Քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմներում ՀԱՊԿ-ը այդպես էլ չմիջամտեց և չկատարեց իր պարտականությունները…

4. 44 օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով կնքվեց եռակողմ պայմանագիր Ռուսաստանի միջամտությամբ և կրկին անգամ ոչ ի օգուտ մեզ: Ադրբեջանին անցան մի շարք տարածքներ, այդ թվում նաև Արցախի մեծ մասը: Ըստ պայմանգրի՝ Արցախի մնացյալ տարածքը պետք է անցներ ռուս խաղաղապահների հսկողության տակ: Բայց վերջին երկու տարվա ընթացքում շատ հաճախ ադրբեջանցիները խախտել են և շարունակում են խախտել պայմանագիրը, ներխուժել ՀՀ տարածք, և կրկին անգամ ռուս խաղաղապահները չեն միջամտում:

5. Այսօր, ցավոք, Հայաստանում մեծ մասը կարծում են, որ մեր միակ «փրկությունը» Ռուսաստանի կազմի մեջ մտնելն է: Այս հարցում ես նաև խիստ դատապարտում եմ արցախցիների դիրքորոշումը, ովքեր կարծում են, որ, մտնելով Ռուսասատնի կազմի մեջ, կարող են փրկել Արցախը: Սակայն պետք չէ կրկնել նույն սխալները: Արցախը մենք միայն կարող ենք փրկել զարգանալով, կրթվելով, հզորանալով և հույսներս միայն մեր վրա դնելով: Պատահական չէ, որ ռուսներին անվանում են «սպիտակ թուրք»: Դարեր շարունակ մենք միայն տուժել ենք իրենց «բարեկամը» լինելով: Ժամանակն է, որպեսզի մենք սկսենք վարել խելացի դիվանագիտություն և զարգացնել Հայաստանը: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները խորացնելը ավելի շահեկան կլինի այս փուլում: Նաև չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանը փոքր է, աղքատ, շրջապատված թշնամիներով և չի կարող ոչինչ անել իրենից մի քանի անգամ բնակչության թվով մեծ և հզոր թշնամու դեմ: Այստեղ ես կարող եմ Իսրայելի օրինակը բերել, թե ինչպես այդ նորաստեղծ, փոքր պետությունը կարող է աշխարհին թելադրել իր օրենքները և հաշվի նստել հզոր երկրների հետ․․․մինչդեռ մեզնից պակաս թշնամիներ չունի: Իսկ պատճառն ակնհայտ է՝ քանի որ նրանք վարում են ճիշտ քաղաքականություն, զարգանում են, կրթվում և հույսները դնում միմիայն իրենց վրա: 

Երբեք ուշ չէ…

Leave a comment